ԽՈՍՔ

Ի սկզբանե Խոսքն էր: Ուրեմն` մենք էլ ասենք մեր խոսքը:

Ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտներում փոփոխություններն աննախադեպ արագ ու դինամիկ են ընթանում: Նման փոփոխությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ գիտության ու տեխնիկայի ընձեռած հնարավություններն արագորեն ներթափանցում են հասարակական հարաբերություննեի, կյանքի կազմակերպման, աշխատանքի, գիտելիքների ձևավորման ու փոխանցման ոլորտ:

Շարունակաբար նորացվող, զարգացող ու փոփոխվող գիտելիքը և դրա ստեղծման համար անհրաժեշտ նորարարությունն ու ստեղծագործականությունը դառնում են մրցունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն գործոններ` թե անհատական, թե ներպետական և թե համաշխարհային մակարդակներում: Գիտելիքն այսօր այլևս լոկալ բնույթ չի կրում, ցանցերի ու հեռահաղորդակցման մեր դարաշրջանում աշխարհի որևէ ծայրում ստեղծված գիտելիքն արագորեն տեղայնացվում է աշխարհի մեկ այլ անկյունում:

Նման պայմաններում առավել արդյունավետ ու հաջողակ են այն անհատները, խմբերն ու պետությունները, որոնք կարողանում են կիրառել նորագույն գործիքների ավելի մեծ տեսականի և բաց են շարունակ տեղի ունեցող փոփոխությունների առջև, բայց չեն կորցնում իրենց ինքնությունը: Նրանք տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ցանցավորված են միմյանց և աշխարհի հետ, կարողանում են աշխատել թիմերով, ստեղծագործաբար են մոտենում կյանքի առաջադրած խնդիրներին և պատրաստ են շարունակաբար սովորել: Այս ամենին հասնելու հիմնական ճանապարհը դպրոցական կրթությունն է, որի ձևերն ու բովանդակությունը, ինչպես նաև կրթական միջավայրը փոխվում են` արձագանքելով գիտելիքի փոխանցման և տարածման տեմպերին ու պահանջներին:

Համաշխարհային արդի զարգացումներն իրենց անմիջական ներգործությունն են ունենում հանրակրթական դպրոցի վրա` առաջադրելով տարատեսակ խնդիրներ: Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության, բարձր տեխնոլոգիաների հարաճուն ներդրման և կիրառման հետևանքով ազգային ու համաշխարհային տնտեսություններն անընդհատ վերակառուցվում են: Արդյունաբերական տնտեսությունը վերաճում է գիտելիքների տնտեսության, իսկ հասարակությունը դառնում է տեղեկատվական: Անընդհատ փոփոխվում է աշխատանքային միջավայրը, նորովի են կազմավորվում և վերաբաշխվում աշխատատեղերը: Որակյալ մասնագետների պահանջարկն առաջնահերթ է դարձնում աշխատանքային շուկայի պահանջներին արագորեն հարմարվելու և տեղաշարժվելու կարողությունը:

Հանրակրթության դերն աճում է. միաժամանակ կրթությունը վերաճում է մի գործոնի, որը նպաստում է հասարակության մեջ մարդու դերի առավել արժևորմանը` զարգացնելով համակեցության, հանդուրժողականության, համագործակցության և արժեքային որակներ:

Հանրակրթության համակարգում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն ազգային առանձնահատկություններով, այլև համաշխարհային զարգացումներին բնորոշ աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, մշակութային, սոցիալական գործոններով:

Հանրակրթության էական բարեփոխումը և առաջանցիկ զարգացումը դառնում են անհրաժեշտ ու անխուսափելի: Պետության և ազգի անվտանգության ապահովման ու հզորացման գործում գերակա խնդիր է դառնում պետական մտածելակերպ ունեցող և  ապագայի մարտահրավերներին դիմակայելու պատրաստ Հայ Մարդու ձևավորումը: